Իմ խորին համոզմամբ` հոգևորականի կուսակրոնության խնդիրը բացառապես եկեղեցու խնդիրն է: Աշխարհիկ պետությունը, որտեղ եկեղեցին անջատված է պետությունից, քիթն այդ հարցի մեջ խոթելու իրավունք և պետք չունի: Քրիստոնեական աշխարհում, թերևս, միակ բացառությունը Վատիկանն է: Մյուս երկրներում պետությունը ոչ միայն նման իրավունք չունի, այլև այդ վարքագիծը կոնտրպրոդուկտիվ է:
Ի վերջո, կուսակրոնությունը եկեղեցու ներքին կարգավորման խնդիր է, և չի բացառվում, օրինակ, որ այդ տաբուն եկեղեցին վերացրել է ու որևէ խնդիր չի տեսնում:
Կամ` գուցե կա խախտման փաստ, բայց դա ևս եկեղեցու ներքին կարգավորման հարց է: Ես մասնագետ չեմ ու չգիտեմ, բայց վստահաբար պետությունն այստեղ անելիք չունի:
Այսքանն ընդհանրապես, իսկ ինչ վերաբերում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն, այն որպես կառույց վերպետական է, ավելի երկարակյաց ու շատ ավելի ընդարձակ է, քան Հայաստանի Հանրապետությունը: Ասել կուզի` ՀՀ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի մոտենալ այդ կառույցին ու նրա գործունեությանը:
Միակ բանը, որ պետությունը կարող է անել, եկեղեցի-պետություն գործունեության իրավահարաբերությունները կարգավորելն է: Այսքանը: ՈՒրիշ ոչինչ:
Թե ինչու է Արցախը տված, Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պատրաստակամություն հայտնած ու տարբեր պատուհասներ բերած վարչապետը որոշել թիրախավորել Առաքելական Եկեղեցուն, ոչ պարզ է, ոչ էլ էական: Էականն ու պարզը մի բան է. Հայաստանի ղեկին այսօր մարդ է, ով ոչ թե չի կառավարում «նավը» և հանձնել է դրեյֆի, այլ գիտակցաբար ու հետևողականորեն այն տանում է դեպի կործանում: Այդ պատուհաս «նավապետից» օր առաջ ազատվելը պարզապես անվտանգության հարց է: Բոլորիս անվտանգության հարցը:
Իսկ թե ինչով են զբաղված հայրենիքը, իբր, փրկելու ու Նիկոլին հեռացնելու հայտ ներկայացնողները, երկար խոսակցության նյութ է, ու ժամանակն է` անդրադառնալ դրան:
Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.
Լեգենդն ասում է, որ 9-րդ դարում Հռոմի պապ է դարձել կին` Յովաննան: Նրա սեռը պարզվել է միայն այն բանից հետո, երբ պապուհին հղիացել է: Կարոլինգների պետությունը, ըստ լեգենդի, այս միջադեպի հետ կապված Վատիկանին որևէ հրահանգ կամ պահանջ չի ներկայացրել: Եկեղեցին իր ներսում է որոշել, որ այդուհետ պետք է պապի հավակնորդի սեռաճանաչման ընթացակարգ ներմուծի: